Արտակարգ իրավիճակները երեխայի կյանքում

Արտակարգ իրավիճակները, ցավոք, մեր կյանքում անխուսափելի են, և լինում են պահեր, երբ մարդիկ ստիպված են աշխատել, սովորել, իրենց գործունեությունն իրականացնել սովորականից տարբերվող, երբեմն վտանգավոր իրավիճակներում։

Արտակարգ է համարվում ցանկացած իրավիճակ, որն անմիջական սպառնալիք է ներկայացնում մարդու հոգեկան և ֆիզիկական առողջության, անվտանգության, գույքի կամ շրջակա միջավայրի համար:

Պատերազմները, բնական աղետները, հարազատների մահը, համաճարակները, կյանքում տեղի ունեցող կտրուկ փոփոխությունները համարվում են արտակարգ իրավիճակներ երեխաների կյանքում։ Դրանք մեծապես ազդում են նրանց կենսակերպի և զարգացման վրա։ Ուստի, հոգեկան առողջության պահպանումն արտակարգ իրավիճակներում անձի բերեկեցությունն ապահովելու համար դառնում է առաջնային։

Արտակարգ իրավիճակների ազդեցությունները կարող են լինել կտրուկ և թվալ կարճաժամկետ, սակայն առանց համապատասխան աջակցության դրանք կարող են տևական ժամանակով խաթարել անձի հոգեկան առողջությունն ու բարեկեցությունը: Կախված իրադարձության ինտենսիվությունից՝ այն կարող է թուլացնել հոգեբանական պաշտպանական մեխանիզմները։ Արտակարգ իրավիճակներից հետո հոգեկան առողջության սպառնացող վտանգն էլ ավելի է մեծանում, եթե

    • Մինչև արտակարգ իրավիճակը առկա են եղել հոգեկան առողջության խնդիրներ,
    • Անձը նոր է հաղթհարել որևէ հոգեբանական դժվարություն
    • Արտակարգ իրավիճակը հանգեցնում է հարազատի կորստի, վշտի, ֆիզիկական առողջության անդառնալի խնդիրների, դիսթրեսի։
    • Արտակարգ իրավիճակը հանգեցնում է սոցիալական ծանր փոփոխությունների (աղքատություն, սով, ապրելու և աշխատավայրի կորուստ և այլն)։


Երեխաները, բնականաբար, անմասն չեն մնում արտակարգ իրավիճակի ազդեցություններից և իրենց գործունեության բոլոր ոլորտներում նկատելի է լինում փոփոխությունները։ Դիտարկենք մի քանի արտակարգ իրավիճակներ, որոնք կարող են անդրադառնալ երեխաների հոգեկան բարեկեցության վրա․

Պատերազմը և ռազմական գործողությունները ցանկացած մարդու համար ամենաուժեղ տրավմատիկ իրողություններից են։ Ինչպես և ցանկացած տրավմատիկ իրավիճակ, դրանք բացասական մեծ ազդեցություն են ունենում երեխայի զարգացման և նրա հետագա հոգեբանական առողջության վրա։

Երեխաների մեծ դժվարությամբ են հաղթահարում նշանակալի անձի կորուստը կամ մահը։ Տարբեր տարիքի երեխաները դժվարությամբ են մեկնաբանում հարազատի բացակայությունը և հաճախ հոգեբանական դժվարության պատճառ դառնում է իրենց սիրելի մարդու այդ անբացատրելի բացակայությունը։

Ամուսնալուծությունը ևս երեխաների կյանքում համարվում է արտակարգ իրավիճակ։ Ամուսնալուծության դեպքում երեխաները պատասխանատու չեն որոշման համար, սակայն ակամայից հայտնվում են իրավիճակի կիզակետում, երբեմն նույնիսկ դատական գործընթացներում և ստիպված են իրենց համար շատ բարդ որոշում կայացնել:

Վերջին մեկ տարվա իրադարձություններից նկատում ենք, որ երեխաներն ապահովագրված չեն համավարակի և դրա արդյունքում առաջացած սահմանափակումների բացասական ազդեցություններից։ Համավարակների տարածման և սահմանափակումների հաստատման արդյունքում էականորեն փոխվում է երեխաների առօրյան, հատկապես նշանակալի փոփոխություններ են տեղի ունենում երեխաների ուսումնական գործունեության մեջ։ Նրանք շատ կարճ ժամանակահատվածում ստիպված էին հարմարվել կտրուկ և անսպասելի փոփոխություններին (հեռավորության պահպանում, շփման սահմանափակումներ, առցանց ուսուցում և այլն)։